Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է նստացույցը և նշել է իր հետագա անելիքները։
«Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցերն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները»,- հայտարարել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով:
«Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով»,- նշել է Արցախի նախագահը:
Հարությունյանն ընդգծել է, որ հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել:
«Դրա առաջին արձագանքը Հայաստանի կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը»,- ասել է նա:
Հարությունյանը կոչ է անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
«Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն: Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում»,- ասել է Հարությունյանը։
Արցախի նախագահը ՀՀ և սփյուռքի հայրենակիցներին հորդորում է հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու ԵՄ նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի և այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ:
«Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով»,- հայտնել է Հարությունյանը:
Արցախի նախագահը հուլիսի 17-ին միացել էր Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։ Նա հայտարարել էր, որ եթե մեկ շաբաթում արցախահայության վիճակը չշտկվի, կդիմեն կոշտ միջոցների։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: