«Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը, այս պահին գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հումանիտար բեռների փոխադրմանը հետևում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ։
«EUMA-ի ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է հայկական կողմից Լաչինի միջանցք տանող ճանապարհի շարունակվող շարժին՝ ընթացիկ զարգացումների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության Twitter-յան պաշտոնական էջում։
«Հումանիտար աջակցությամբ բեռնված շարասյունն արդեն Կոռնիձորում է։ Մենք կանխավ կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ և այս պահին սպասում ենք պատասխանի»,- ՀՀ հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նշվում է, որ բեռնատարները կմնան Կոռնիձորի անցակետում այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղապահների կողմից արձագանք չի ստացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։