Բրյուսելում կայացած բանակցություններում Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևը իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել։ Սա ադրբեջանական նարատիվ է։ Նման հայտարարություն չի եղել»,- ասել է նա։
Մարուքյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Լաչինի ճանապարհով (սա ադրբեջանական նարատիվ է, ՀՀ-ն օգտագործում է միջանցք եզրույթը) հումանիտար բեռների փոխադրումը և ողջունել Աղդամի միջոցով մարդասիրական փոխադրումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն դա որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը «տոտալ սուտ է»։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԼՂ ուղարկված օգնությունը բացառապես մարդասիրական նպատակներով է՝ նշելով, որ ՀՀ-ն չի կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչին ի պատասխան Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Աղդամի ճանապարհը լիովին գործում է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար։