Հայաստանը դեպի Ռուսաստան ձուկ և ծովամթերքի պատրաստի արտադրանքի մատակարարների առաջատար եռյակում է, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Comtrade հարթակին։
Հրապարակված տվյալները հունվար-ապրիլ ամիսներին են վերաբերում։
«Ռուսաստանի բարեկամ երկրները նշված ժամանակահատվածում 21,9 մլն դոլարի ձկան և ծովամթերքի պատրաստի արտադրանք են մատակարարել: Առաջատարը Չիլին է, որը չորս ամսում Ռուսաստան է արտահանել 15,2 մլն դոլարի ծովամթերք։ Երկրորդ տեղում Հնդկաստանն Է՝ 4,6 մլն դոլարի ծովամթերքի մատակարարմամբ, երրորդում՝ Հայաստանը՝ 1,2 մլն դոլարի արտահանմամբ»,-նշված է հրապարակման մեջ։
Ռուսաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներից Իտալիան չորս ամսվա ընթացքում ՌԴ է մատակարարե 750 000, Սլովենիան՝ 570 000, Լիտվան՝ 226 000 դոլարի ծովամթերք։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները մինչև տարեվերջ արգելել են ձկան և ծովամթերքի պատրաստի արտադրանքի ներմուծումը Մոսկվա ոչ բարեկամական երկրներից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Նորվեգիայից: