Քննչական կոմիտեն հայտնել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահներ Վարդան Ղուկասյանի (հայտնի «Դոգ» մականունով) և Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2021 թվականի կեսերից Ղուկասյանն ու Գալստյանը ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, որին մասնակցել է 10 հոգի։ Քննությամբ մինչ այժմ բացահայտվել է տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով շորթման 4 դրվագ, որոնց պահանջած ընդհանուր գումարը կազմել է մոտ 500.000 ԱՄՆ դոլար։
Ըստ հաղորդագրության՝ խմբի անդամները Ղուկասյանի հանձնարարությամբ տեղեկատվություն և նյութեր են հավաքել տարբեր անձանց, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարների, դատավորների վերաբերյալ՝ նպատակ ունենալով «հնարավորություն ձեռք բերել ազդելու լուրջ սոցիալական և քաղաքական հարցերի ընդունման վրա»՝ վերահսկողություն սահմանելով պետական մարմինների գործունեության նկատմամբ»։
Նշվում է, որ ավելի ուշ այդ նյութերը փոխանցվել են Ղուկասյանին, ով ուղիղ եթերում վիրավորանքներ ու զրպարտություն է հնչեցրել անհատների ու կազմակերպությունների, պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ մարմինների և դատավորների մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այս գործողությունների նպատակն է եղել ստիպել այդ անձանց ու կազմակերպություններին չհետաքննել խմբի գործունեությունը և ապահովել «հանցավոր կազմակերպության անդամների անձեռնմխելիությունը»։
Ենթադրվում է նաև, որ հանցավոր կազմակերպության նպատակները քողարկելուն են ծառայել «Հանրային ձայն» կուսակցությունը, համանուն տաքսի ծառայությունը և պահնորդական ընկերությունը, ինչպես նաև բարեգործական որոշ միջոցառումների անցկացումը։
Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել է մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։