Պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգի սրճարանում, որից տուժել է տասը մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ն-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
«Տագանրոգի սրճարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վեց մարդ վիրավորվել է»,- ասել է աղբյուրը։
Armenia Today-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ-ի հետ, որպեսզի ճշտի տուժածների թվում ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին: Գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ տվյալները դեռևս ճշտվում են:
Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 15-ի (թարմացված)։
«Այս պահին բուժօգնության է դիմել 15 մարդ, նրանց հետ աշխատում են բժիշկները։ Բոլոր նրանք, ովքեր դիմել են բուժօգնության՝ բեկորներից թեթև վնասվածքներով են, զոհեր չկան։ Խնդրում ենք հետևել միայն վստահելի աղբյուրներին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վասիլիյ Գոլուբևը:
Վերջինս տեղեկացրել է, որ պայթյունի էպիկենտրոնը եղել է Տագանրոգի արվեստի թանգարանի տարածքում։ Փլուզվել են թանգարանի պատը, տանիքը, ավտոտնակներն ու տնտեսական շինությունները։ Հարևան բնակելի շենքի պատուհաններից և պատշգամբներից կոտրվել են շրջանակները։
«Պայթյունի վայրում աշխատում է 60 փրկարար և 17 տեխնիկա»,- գրել է նա։