Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ: Վերջիններս 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
«Երևանի քաղաքապետին է ներկայացվել ներդրումային ծրագիր, քաղաքապետը եզրակացություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան՝ Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ»,- հայտնում է դատախազությունը:
Նշված ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Մ.Կ.-ի, որն իր հերթին հանդիսացել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրը:
Արդյունքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ ծրագիրը: Պետությանը պատճառելվել է 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս: Հսկող դատախազի 2023 թ․ հուլիսի 27-ի որոշումներով՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Ս.Ս.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն): Հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: