Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում ձերբակալված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին, Armenia Today-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Վերջինս տեղեկացրեց, որ ներկայացուցիչների թվում են եղել նաև ԿԽՄԿ բժիշկները։ Նա հայտնեց, որ կապ է հաստատվել Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի հետ։
Դիտարկմանը՝ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկո՞ւմ է, Ամատունին նշեց, որ այս առումով տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին՝ տեղեկացնելով, որ նա, «որպես մեղադրյալ» է անցնում Բաքվում հարուցված քրեական գործով, նշվել էր, որ նա կպահվի Բաքվի բժշկական հաստատությունում։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։
Հուլիսի 29-ին Արցախի քաղաքացիները Վագիֆ Խաչատրյանի ազատության պահանջով ակցիա են իրականցրել Ստեփանակարետի ԿԽՄԿ գրասենյակի դիմաց։