Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել, տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,-հայտնում են գրասենյակից։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի տղամարդու, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Ավելի ուշ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորականներն առևանգել են Խաչատրյանին։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է Խաչատրյանին կալանավորելու մասին՝ հայտնելով, որ նա մեղադրվում է Բաքվում հարուցված քրեական գործով։