Միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացելու Լաչինի միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։
«Այդ առումով մենք ունենք դրական զարգացումներ, բազմաթիվ հայտարարություններ են արդեն հնչել Եվրամիության, Եվրախորհրդի, հիմա արդեն ՄԱԿ-ի և գործընկեր երկրների կողմից: Հարցը լայնորեն լուսաբանվում է միջազգային ԶԼՄ-ներով, մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ են հանդես եկել հայտարարություններով: Մենք շարունակում ենք աշխատանքները՝ ուժեղացնելու միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, հասնելու համար մեր նպատակին, որը բացառապես հումանիտար է։ ՀՀ-ն ընդամենը նպատակ ունի ապահովելու հումանիտար մուտքը միջազգային հանրության և հայկական հումանիտար բեռների համար»,- ասել է նա:
ՀՀ ԱԳՆ պաշտոնյան նաև հայտնել է, թե ինչ նպատակով էր կազմակերպվել ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցը Կոռնիձոր։
«Այսօր մենք կազմակերպել էինք ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցը Կոռնիձոր՝ սեփական աչքերով հավաստիանալու, որ Ադրբեջանը լիակատար կերպով մտցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակում դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով, որին մենք ականատես ենք այսօր»,- ասել է Կնյազյանը:
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։