Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ Արցախում առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները:
«Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Պետնախարարը նշել է, որ Արցախում նկատվում են պառակտման փորձեր և համաժողովրդական պաշտպանություն-դիմադրությունը նսեմացնող հայտարարություններ։
«Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավականին գերլարված ու նյարդային վիճակում են լինում, այդ ամենին գումարվում են նաև սոցիալական ցանցերի ամենատարբեր հարթակներում պետության հասցեին հնչող քննադատությունները, բոլոր խնդիրների լուծման «գիտակների» մեկնաբանություններն ու առաջարկությունները, միասնականության կոչերին զուգահեռ արվող պառակտման փորձերը, համաժողովրդական համառ ու դժվարին այս պաշտպանություն-դիմադրությունը նսեմացնող հայտարարությունները»,- գրել է նա:
Ներսիսյանը հիշեցրել է, որ Արցախում ստեղծված իրավիճակին երեկ անդրադարձել էին ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը։
Պետնախարարի համոզմամբ՝ բոլոր միջազգային դերակատարներն ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին:
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»:
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։