ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձներ են հղել Վրաստանի իշխանություններին Ռաչայի շրջանում ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ։
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
«Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից:
Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»,- ասված է հեռագրում։
ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի իշխանություններին Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով։
«Խորը ցավով տեղեկացա Ռաչա շրջանում տեղի ունեցած բնական աղետի մասին, որը մարդկանց կյանքեր է խլել։ Այս դժվարին պահերին ցավակցում եմ եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին, իսկ հանգուցյալների հարազատներին մաղթում տոկունություն և համբերություն»,- գրել է Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի բարձրլեռնային Շովիի մոտ տեղի ունեցած սողանքի հետևանքով 11 մարդ է զոհվել։ ՀՀ ԱԳՆ-ն Armenia Today-ին հայտնել է, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։