«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կապված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետ։
«Ավելի քան 30,000 երեխաներ և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ գտնվում են շրջափակման և ավերակների մեջ։ Փակված լինելով իրենց հայենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար ճգնաժամի շեմին՝ զրկված լինելով կենսական դեղորայքի, ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունից։ Սովից մահացող մարդկանց սիրտ ճմլող իրականությունն աղետ է, որն անհապաղ քայլեր է պահանջում: Երեխաներին այս պատերազմի դադարեցումն է հարկավոր, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստը:
Մխիթարյանը նշել է, որ Լաչինի միջանցքով պետք է ապահովվի սկզբունքային և անարգել հումանիտար հասանելիություն։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։