Գյումրու քաղաքային մարզադաշտում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը, տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համահայկական 8-րդ խաղերի բացման արարողությանը, շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ օրվա հրաշալի էներգետիկան ապահովելու համար։
«Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների, բոլոր դժվարությունների: Եվ այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր հետագայի համար, մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,-նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանում նոր զարգացում է ապրում սպորտը:
«Պիտի արձանագրեմ, որ 2022 թվականին Հայաստանի մարզիկները գրանցել են պատմական աննախադեպ նվաճումներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում նվաճած ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով: Բայց պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի մարզիկները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում իրենց նվաճած մեդալներով արդեն իսկ հաղթահարել են նախորդ տարվա բացարձակ ռեկորդը, և սա Համահայկական խաղերի կարևորագույն նվերն է հայաստանցի մարզիկների կողմից»,-ընդգծել է նա՝ շեշտելով մի շարք դպրոցների կառուցման մասին։
«Գյումրիում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, բոլորովին վերջերս բացվեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը: Կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Առաջիկայում կկառուցվեն Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցը Հայաստանի ամենամեծ եզդիաբնակ համայնքում՝ Ալագյազում, կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը»,-հավելել է նա։