Երգչուհի Սելին Դիոնը պատմել է իր առողջական խնդրի մասին, որի պատճառով նա 2022-ի դեկտեմբերին ստիպված հետաձգել էր ծրագրված համաշխարհային շրջագայությունը, գրում է doctorpiter.ru-ն։
«Երկար ժամանակ առողջական խնդիրներ ունեի։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել դա, և նույնիսկ ավելի դժվար է պատմել այն մասին, թե ինչի միջով եմ հիմա անցնում։ Ես ունեմ մկանների այնպիսի հիվանդություն, որն ազդում է միլիոնից մեկ մարդու վրա: Հիվանդության հիմնական ախտանիշը մկանային սպազմերն են։ Դրանք այնքան ցավոտ են, որ չեմ կարող ոչ միայն բեմ բարձրանալ և երգել, այլ պարզապես քայլել և կատարել սովորական գործեր»,-նշել է նա։
Նշվում է, որ այժմ 55-ամյա երգչուհին գրեթե դուրս չի գալիս տնից։ Նրան խնամում է քույրը՝ Լինդան։ Մյուս քրոջ՝ Կլոդետ Դիոնի խոսքով՝ երգչուհու վիճակը ծանր է։ Նա նշել է, որ հիվանդության դեմ որևէ դեղամիջոց չեն կարողանում գտնել, բայց հույսը չեն կորցնում։
2022-ի դեկտեմբերին հայտնել էինք, որ աշխարհահռչակ երգչուհու մոտ անբուժելի նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել: Սելին Դիոնի մոտ ախտորոշվել էր կաշկանդված մարդու համախտանիշ (SPS), ինչը մկանների անվերահսկելի լարմանն է հանգեցնում: