Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների համաժողովը կոչ են արել Եվրամիությանը միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար, բաց նամակը ուղղվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։
«Հայ քաղաքացիների աղետալի վիճակը պահանջում է բոլորիցս գործադրել բոլոր ջանքերը մեր պատասխանատվության համապատասխան ոլորտներում՝ համոզելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը Լաչինի միջանցքի բացմամբ», – ասված է նամակի մեջ։
Նամակում, որը ստորագրել են եկեղեցական կազմակերպությունների գլխավոր քարտուղարները, մանրամասն նկարագրված է նաև հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և մյուս կողմերին մասնակցել կայունության հաստատման գործընթացին, նոր ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի բացման միջոցով շրջափակման անհապաղ վերացման ուղղությամբ՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց ազատ և անվտանգ անցումը, տրանսպորտի և ապրանքների հոսքը, որոնք երաշխավորում են մարդասիրական օգնության հասանելիությունը ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքները մեղմելու համար», – գրված է նամակում։
Ավելի վաղ նմանատիպ կոչով հանդես էր եկել ACT Alliance միջեկեղեցական կազմակերպությունը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։