Օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում մահացել է բրազիլիական սերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը։
Հաղորդվում է, որ դերասանուհու մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է եղել։ Մահից առաջ նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ բուժում էր ստանում թոքերի քաղցկեղի դեմ։
Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի Ցեղասպանությունից։ Մինչև հանդիպելն Արասիի ծնողներն այրի էին և Արասին ընտանիքի արդեն ութերորդ երեխան էր ծնողների նախորդ ամուսնություններից։ Ծնողները ցանկացել են նրան Արաքսի անվանել՝ Արաքս գետի պատվին, սակայն որոշել են իրենց նոր հայրենիքին էլ արժանին մատուցել՝ հանելով անունից «ք» տառը։ Հարավային Ամերիկայի հնդկացիների տուպի-գուարինի լեզվով «արասի» նշանակում է «լույսի մայր»։
Արասի Բալաբանյանին մեծ ճանաչում են բերել 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելը, որում նա մարմնավորել է երեք երեխաների մայր հայ էմիգրանտի, ինչպես նաև «Նոր զոհը» հեռուստասերիալը, որում նա մարմնավորել է Ֆիլոմենա Ֆերետոյին՝ ստանալով մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար։