Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության ցուցանիշները, հայտարարել է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Հունվար-հուլիս ամսիների ընթացքում ավելի քան 2 անգամ աճել է մահացությունը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ ԱՆ տվյալներով՝ միայն հուլիս ամսվա ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն էլ ավելի են աճել՝ հասնելով նախնականորեն 2.6 անգամի՝ նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ։
Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակն աճել է 15,9%-ով։ ԱՆ-ում շեշտել են, որ մահացության դեպքերի ավելացման պատճառներից են անհրաժեշտ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը, կյանքի որակի փոփոխությունը, պատշաճ բուժօգնության հնարավորությունների խիստ սահմանափակությունը, որոնք կրճատում են ապրելիության աստիճանը։
Նույն ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման (ուղեղի կաթված) և սրտամկանի սուր ինֆակտի նոր դեպքերի աճ՝ համապատասխանաբար 26%-ով և 9,7%-ով։ Հունվար-հուլիս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 24,3%-ով աճել են չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերը, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի։
Ըստ ԱՆ-ի՝ չնայած առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր վիժումների քանակի աճ չի արձանագրվել, սակայն հուլիս ամսում արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ․ ցավալի իրավիճակին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը և դեղորայքի սղությունը կամ բացակայությունը։
Արցախի Հանրապետության Շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։
Արցախի ԱՆ-ում շեշտել են՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։