Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, այս մասին հայտարարել է ինքը՝ Մարությանը, հանդես գալով տեսաուղերձով։
«Արդյոք ազգովի հասել ենք այն ամենին, ինչի համար ոտքի էինք կանգնել 2018-ին, արդյոք այսօր մեր երկրում գործընթացները արդար ու թափանցիկ են, արդյոք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է, ի նպաստ երևանցու։ Արդյոք ժամանակին հեղափոխական ներկայացող պաշտոնյաներն այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով։ Իհարկե՝ ոչ։ Ուստի՝ պայքարն ավարտված չէ։ Ու հարցին՝ «բա քեզ պետք ա՞», միանշանակ պատասխանում եմ՝ «այո, ինձ պետք ա»,-հայտարարել է Մարությանը։
Տևական ժամանակ է՝ մամուլը գրում էր, որ Մարությանն ակտիվ աշխատում է՝ հանդիպումներ է ունենում, քննարկում, թե ինչպես վերադառնալ քաղաքականություն։
2018 թվականին՝ «թավշյա հեղափոխությունից հետո», դերասան, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր Մարությանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Երևանի քաղաքապետի թեկնածու և ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին նա հեռացվել էր Երևանի քաղաքապետի պաշտոնից՝ մայրաքաղաքի ավագանու գաղտնի քվեարկության արդյունքներով։ Մարությանի իմփիչմենթի գործընթացը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 27-ին Երևանում հանդես եկավ իր «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ։
Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։