Լոս Անջելեսի շրջանի Բըրբենք քաղաքում հայերը խաղաղ բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում է Armenian National Association-ի մամուլի կենտրոնը։ Նրանք փակել են փողոցը՝ երթով շարժվելով դեպի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի նստավայր։
Ցուցարարները կոնգրեսականից պահանջել են քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար։ Նրանք հայտարարել են, որ վստահ են Շիֆի կարողությանը՝ կանխելու մարդասիրական աղետը և նոր ցեղասպանությունն Արցախում։
Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերն անցկացրել են կոնգրեսականի գրասենյակի մուտքի մոտ։ Նրանք հայտարարել են անժամկետ հանրահավաքի ու շուրջօրյա նստացույցերի մասին ի պաշտպանություն Արցախի՝ պահանջելով, որ իրենց միանան ԱՄՆ-ում ապրող հայ հայտնիները։ Բողոքի ակցիային մասնակցել է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Ապրիլի 25-ին Շիֆը օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, որը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։ Նա հունիսի 10-ին ԱՄՆ նախագահին կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։