Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները, դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին, տեղեկացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը:
«Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև օգոստոսի 16-ը»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչև օգոստոսի 8-ը։