Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ս.թ. մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձ են նաև ԵՄ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։