Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու հարցով միջնորդության քննությունը հետաձգվեց, հայտնում է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի, ժամը 12:30-ը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:
Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է նախկին իշխող կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։
Նշենք, որ դեռ 2022 թվականի նոյեմբերին Աշոտյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով, որում նախկինում մեղադրանք էր առաջադրվել նաև ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։