Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից 4 խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին, գրում է NEWS.am-ը:
«Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բարիս Թորոսյանը ծնվել է 1973 թվականին, Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները Երեւանից էին»,- ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ պատմել է Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանը:
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավորը հոսպիտալացվել է։ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացածները վերադառնում էին Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ «Hamshen Tour»-ը Armenia Today-ին հաստատել է, որ Գյումրի-Երևան վթարի մասնակիցներն իր զբոսաշրջային խմբից են եղել։ Քննչական կոմիտեն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած և 11 անձի կյանք խլած վթարի փաստով քրեական գործ է հարուցել։