Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն է։ Նա Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էր։ Ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Սովորել էր Կոռնիձորի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, գրում է News.am-ը։
«Եվան այս տարի ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Մեր ամենախելացի, ակտիվ ու ընդունակ երեխաներից էր»,- ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Արմաթ լաբորատորիայի դասընթացավար Էլա Ղահրամանյանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Եվան Արևմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ Նարե Ամարյանի հետ։ Նարեն նույնպես մահացել է ավտովթարի հետևանքով։ Նա 27 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ երկու քույր։
«Երկուսն էլ պատմություն շատ էին սիրում, ուրախությամբ գնացել էին իրենց պատմական հայրենիքը տեսնելու։ Ես էլ պետք է գնայի իրենց հետ, բայց վերջին պահին ծրագրերը փոխվեցին»,- նշել է Էլան։
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավորը հոսպիտալացվել է։ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացածները վերադառնում էին Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ «Hamshen Tour»-ը Armenia Today-ին հաստատել է, որ Գյումրի-Երևան վթարի մասնակիցներն իր զբոսաշրջային խմբից են եղել։ Քննչական կոմիտեն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած և 11 անձի կյանք խլած վթարի փաստով քրեական գործ է հարուցել։