Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ԼՂ իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին»,-ընդգծել է խոսնակը։
Օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։