Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Գ. Հ.-ն Ս. Դ.-ի հետ համաձայնեցված միջոցներ է ձեռնարկել, որոնց արդյունքում Երևանում բնակվող Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ այդպիսով ընդգրկվելով Ս. Դ.-ի ղեկավարած զորակոչի բաժանմունքի սպասարկման տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված անձը օգոստոսի 2-ին ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանք է ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436 և 437 հոդվածներով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: