Արցախում մի խումբ ցուցարարներ հայտարարել են Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահների բազա տանող ճանապարհը փակելու մասին: Ակցիայի մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է «Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման» մասնակից Արթուր Օսիպյանը:
«Մենք պետք է պայքարենք, պայմաններ դնենք, քաղաքական գրագետ քայլեր անենք. Եվ առաջին քայլը սա է։ Մենք մեր հարցերը Լենցովին ենք տալու»,- ասել է Օսիպյանը՝ նկատի ունենալով ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։
Ակտիվիստի խոսքով՝ ցուցարարները պատրաստվում են գիշերել այնտեղ։
«Մենք գիշերելու ենք այստեղ, սպասում ենք, որ արցախցիներն ու մեր ժողովուրդը քնից արթնանան, որովհետև այս քունը կտանի ցեղասպանության»,- նշել է ցուցարարը:
Նա հավելել է, որ պետք չէ սպասել, որ արցախցիներին խղճան: Ակտիվիստի հրապարակած տեսանյութում երևում է, որ ճանապարհի երթևեկելի հատվածը փակել են ավտոբուսով:
«Մենք ճանապարհը փակում ենք, ռուս խաղապահների տեղաշարժը լինելու է մեր վերահսկողության տակ»,- նշել է Օսիպյանը՝ հավելելով, որ այստեղ կլինեն այնքան, մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները։
Օսիպյանի խոսքով՝ ճանապարհը փակ կլինի միայն խաղաղապահների համար, տեղի մեքենաների համար այն բաց կլինի։
«Մեր մեքենաների համար ճանապարհը բաց է, և երթևկությունը չի սահմանափակվում»,- հավելել է նա։
Օսիպյանի ընթերցած խաղաղապահներին ուղղված կոչում խնդրել են ապահովել խաղաղ երթի անվտանգությունը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։