Այսօր՝ օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին մեկնարկել է ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի նիստը, որում քննարկվում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի նամակը՝ ուղղված Անվտանգության խորհրդի նախագահին։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում ընդգծել էր, որ Ղարաբաղի բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան «զանգվածային ոճրագործություն բնիկ ժողովրդի դեմ» և ուղղված է նրան, որ ստիպի նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ։ Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը»,– գրել էր նա։