Ադրբեջանը այսօրվա ընթացքում երկրորդ անգամ է կրակ արձակել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ուղղությամբ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ»,-հայտնել են ԱՀ ՊՆ-ից։
ԱՀ Պն-ում շեշտել են, որ, պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՀ Պն-ն հայտնել էր, որ ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։