ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը համատեղ ասուլիս են ունեցել, որտեղ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացին, Արցախի հումանիտար խնդիրներին։
Կողմերը հայտարարել են, որ Բելգիան դեսպանություն կբացի Հայաստանում։ Անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին՝ Միրզոյանը մատնանշել է վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի սադրանքների մասին։
«Ադրբեջանն իր գործելաոճով մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղությանն ուղղված ՀՀ և միջազգային ջանքերին։ Ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն և գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային ու ռազմատենչ գործելաճոը փոխելու ուղղությամբ»,- շեշտել է Միրզոյանը։
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը նշել է, որ «հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը բանակցություններն են, փոխզիջումները, եթե նույնիսկ դժվար է դրանց հասնել»։
«Ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում ու Բաքվում, հուսով ենք՝ դրանք պատմական շրջադարձի կհասնեն»,- անդրադառնալով խաղաղության համաձայնագրի շուրջ բանակացություններին՝ նշել է Հաջա Լահբիբը։
Վերջինս ընդգծել է, որ Բելգիան մտահոգված է Արցախի հումանիտար խնդիրներով։
«Բելգիան ամբողջապես ընդունում է ԵՄ-ի դիրքորոշումը․ Ադրբեջանի պարտավորությունն է ապաահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա։
Արարատ Միրզոյանն էլ շեշտել է մի շարք մտահոգությունների մասին։
«Մինչ օրս մենք Ադրբեջանի ղեկավարության կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային խոսքեր չենք լսել, մինչդեռ փակ հանդիպումների ժամանակ լսել ենք։ Սա խիստ մտահոգիչ է, կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից»,-ասել է Միրզոյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։