2023 թվականի օգոստոսի 21-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հարզենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանությունը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով` պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ):
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը։