ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակալի է համարել Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետում նոր գծերի բացումը։ Նա այդ մասին ասել է Ծաղկաձորում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։
«Սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ գիտեք` սովորաբար այնտեղ բազմակիլոմետրանոց հերթեր էին գոյանում։ Իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության կապակցությամբ»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի արդյունքներով ՀՀ և ՌԴ ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ դոլար, և այդ աճը շարունակվում է։
«Այս տարի այն արդեն գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Հուսով եմ, որ մինչև այս տարվա վերջ կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը։ Մենք նաև շատ ամուր և ուժեղ հարաբերություններ ունենք։ Եվ ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի մնալ արդյունավետ»,- հավելել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։