Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը կոչ է արել ժողովրդին համախմբվել և «պատուհան բացել» հայկական հարցի դիվանագիտական լուծման համար։
«Լուծումը, իսկապես, մեկն է. պետք է դադարենք կռվել իրար դեմ, պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին՝ բացելով պատուհան Հայկական հարցի դիվանագիտական լուծման համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանը։
Նախկին դեսպանը գրել է այն արտաքին մարտահրավերների մասին, որոնց բախվել է Հայաստանը 1878 թվականին Սան Ստեֆանոյում ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո և խնդրի միակ լուծումն անվանել հայ հասարակության տարբեր շերտերի միասնությունը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Մինասյանը խոսել է էթնիկ հայերի և իրենց այդպիսին համարող «հայախոս» մարդկանց տարբերության մասին, ովքեր իրենց ապազգային օրակարգով ներսից քանդում են երկիրը։ Նախկին դեսպանը նկատել է, որ նրանց ձայնն ավելի է բարձրացել, ուստի հորդորել է «լռեցնել նրանց»։
«Հայերը պայքարում են հայկական ինքնության պահպանման համար, յուրքաչյուրը իր մեթոդներով՝ պատերազմով, խաղաղությամբ, բանակցություններով, իսկ «հայախոսները» կռվում են հայերի դեմ, նրանք չեն համարում, որ սահմաններից դուրս ունեն թշնամի, նրանց թշնամիները երկրի ներսում են»,- պարզաբանել է նախկին դեսպանը։
Մինասյանը 2013-2018 թվականներին եղել է Վատիկանում Հայաստանի դեսպանը, իսկ մինչ այդ՝ 2008 թվականից, եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Նա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է։
Օգոստոսի 24-ին դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ մեղադրելով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ։ Մինչև 2022 թվականի սեպտեմբերը նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։