Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը մանրամասներ է պատմել ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների տեղադրած ապօրինի անցակետում ստուգումներ անցնելուց հետո։
«Մեկ ուսանողին տարել են, երկրորդին հարցաքննում են. սա արդեն վերջն է»,- ասաց Պետրոսյանը։
Նա հավելել է, որ «պատահական չի» համարում, որ առևանգումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը լքել է Լեռնային Ղարաբաղը։ Նա կատարվածը [Արցախցի ուսանողի առևանգումը] նախապես ծրագրված գործողություն է անվանել։
Հակաճգնաժամային խորհրդի ղեկավարը կոչ է արել արցախցիներին ժամը 17:00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի պատասխան ադրբեջանցիների կողմից արցախցի ուսանողների առևանգման։
«Եթե մենք լռենք, կգան բոլորիս մեր տներից կտանեն։ Եթե հաշվեք, ուրեմն 2020 թվականին այս տղաները զինվորներ են եղել, զինվորներին ամբողջ աշխարհում չեն դատում, բայց Ադրբեջանի ներկայիս իշխանությունը թքած ունի նման բաների վրա։ Եկեք հավաքվենք, տեսնենք, թե ինչ ենք անելու հետո»,- եզրափակեց Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ։
Սարգսյանը դարձել է Հակարիի կամրջի անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի երրորդ քաղաքացին։