Արցախի ԱԺ-ում երեկ շուրջ 6 ժամ տևած ժողովում Ակնայի (Աղդամ) ճանապարհը բացելու հարց չի քննարկվել, Armenia Today-ին հայտնել է ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավարն՝ անդրադառնալով Արցախի ԱԺ-ում օգոստոսի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի քաղաքական ուժերի մասնակցությամբ անցկացված ժողովին, որը հաջորդել էր Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում Արցախից Հայաստան գնացող երիտասարդների առևանգմանը։
«Երեկ Ակնայի ճանապարհը բացելու հարց չի քննարկվել։ Քննարկումը եղել է երկխոսության մասով, ինչի վերաբերյալ տարակարծություններ են եղել։ Ես կարող եմ մեկնաբանել միայն մեր քաղաքական ուժի դիրքորոշումը։ Մասնավորապես՝ Ադրբեջանը Եվլախում երկկողմ, առանց միջնորդների հանդիպելու խնդիր է դրել, որի վերաբերյալ մեր պատասխանը բացասական է եղել։ Մենք շեշտել ենք, որ այդ ամենը հենց Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, օրակարգի մեջ է, ըստ որի՝ Արցախն օր առաջ պետք է այդ երկխոսությունն սկսի, որ Փաշինյանը հանրությանը ներկայացնի, թե «արցախցիները որոշել են, մենք այլևս անելիք չունենք, այդ երկխոսության ընթացքում իրենք իրենց խնդիրները կքննարկեն»։ Սա այն նպատակով է, որ նա ստորագրի չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը»,-նշել է Գալստյանը։
Անդրադառնալով Արցախից Հայաստան գնացող երիտասարդների առևանգմանը հաջորդած հավաքին ու Արայիկ Հարությունյանի ելույթին, Դավիթ Գալստյանը նշեց․ «Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո երեք տղաների առևանգումը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախում իշխանությունները չեն կարողանում կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, այն է՝ պաշտպանել ԱՀ քաղաքացիներին։ Անկախ նրանից, թե այդ քաղաքացիներին ովքեր են ուղեկցում, Արցախի իշխանությունները պարտավոր են այդ ամենի պատասխանը տալ։ Այդ դեպքից հետո կրքերը թեժացան, Արայիկ Հարությունյանն այդ հանրահավաքին ելույթ ունեցավ, քննարկումներ ծավալեց։ Մեծ հաշվով, մեզ համար ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ Ադրբեջանն, անկախ մեր դիրքորոշումից, անում է այն, ինչ ուզում է»։
Նա նշեց, որ, ցավոք, ՀՀ իշխանություններն այսօր չեն արձագանքում Արցախի խնդրին, իրենց ունեցած ներուժը չեն օգտագործում, որ հարցն օր առաջ լուծվի։
«Հակառակը՝ փորձում են թուրք-ադրբեջանակն տանդեմի դեմ Արցախին մենակ թողնել»,-հավելեց նա։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՄԻՊ-ը նշել էր, որ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Մյուս երկու երիտասարդները Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն են։ Բոլոր երեք երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են։
Օգոստոսի 28-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մոտեցել էր ակցիա իրականացնող քաղաքացիներին, զրուցել նրանց հետ՝ խնդրելով ոչինչ չնկարահանել։
Հուլիսի 29-ին ադրբեջանցի զինվորականները առևանգել էին բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։
Մանրամասն՝ տեսանյութում։