Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիներին վերադարձնելու պահանջով։
Հանրահավաքի մասնակիցները բացականչում էին «Վերջ տեռորիզմին», «Արցախ» և «Ազատություն առևանգված հայերին»: Նրանց ձեռքում «Վերադարձե՛ք մեր հայրենակիցներին», «Հայաստա՛ն, վեր կաց, Արցախն է կանչում», «Պահանջում ենք արդարություն» գրությամբ ցուցապաստառներ էին:
ՌԴ դեսպանատան մոտից հավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարության շենք։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողների։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր առևանգված արցախցիներին 10 օր վարչական կալանքի ենթարկելու մասին։