Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպում է ունեցել Լաչինի սահմանային անցակետում ձերբակալված և 10 օր վարչական կալանքի ենթարկված արցախցի երիտասարդներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նվում է, որ հանդիպման ընթացքում ուսումնասիրվել է այդ անձանց իրավունքների ապահովումը միջազգային օրենսդրությանը համապատասխան։
ԶԼՄ-ների փոխանցմամաբ՝ այցի ընթացքում հեռախոսազրույց է իրականացվել առևանգված երիտասարդների ընտանիքի անդամների հետ։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողների։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր առևանգված արցախցիներին 10 օր վարչական կալանքի ենթարկելու մասին։