Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի «Դատական իշխանություն» տելեգրամյան էջից։
Ըստ հաղորդագրության՝ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված, նրա խափանման միջոցն անփոփոխ է:
Տոնոյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի։
Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ նշել էր, որ կալանավորված է պատերազմի արդյունքների համար, ոչ այն բանի ինչ ձևակերպված է: