Օգոստոսի 22-ին ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը և նրան փոխկապակցված անձինք Գլխավոր դատախազություն են ներկայացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը ՀՀ սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում, հայտնել է ԳԴ-ն:
Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ Իսկ օգոստոսի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացված նիստում որոշվել է, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 31-ին։
Հիշեցնենք, որ նշված 4 գույքերն ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր:
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։