Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիների կողմից արցախցի երեք ուսանողների առևանգումը։
«Դա [Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս] արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովում»,- ասել է նա։
Նրա խոսքով, այն պայմաններում, որոնք ձևավորվել են Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Մոսկվան ամեն ինչ կանի ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Կոնտինգենտի խնդիրը տեսնում ենք նրանում, որ Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ճանաչելու արդյունքում ի հայտ եկած նոր պայմաններում «տեղում» ցուցաբերել հնարավոր օգնություն ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում, ներառյալ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությունը»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Նա անտեղի և անհիմն է անվանել ռուս խաղաղապահներին մեղադրելու փորձերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։