«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատել Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը՝ անվանելով այն ապօրինի, շրջափակումը ճեղքելու գործում քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա։
««Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և ԼՂ-ի շրջափակման պայմաններում։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից ԼՂ-ին ցուցաբերված մարդասիրական օգնությունը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ։ Օգոստոսի 25-ին Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայի իշխանություններին խնդրել էր մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Իդալգոյին կոչ էր արել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF):
Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «նոր դիվանագիտական նախաձեռնություն»՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։