Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ, որի ընթացքում զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ վարչապետը բարձր է գնահատել և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը և ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին և առկա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ։ Օգոստոսի 25-ին Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայի իշխանություններին խնդրել էր մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Իդալգոյին կոչ էր արել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF):
Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «նոր դիվանագիտական նախաձեռնություն»՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։