Օհոստոսի 30-ին Կոռնիձորում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյին է ներկայացրել շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանն ի դեմս Ան Իդալգոյի իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու ուղղությամբ գործուն քայլերի և Ադրբեջանի անօրինական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ամենատարբեր մակարդակներով հետևողականորեն բարձրաձայնելու համար։
«Հատկանշական է, որ տարբեր, երբեմն հակադիր քաղաքական հայացնքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ»,- ընդգծել է նախարար Ղազարյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։
Սերգեյ Ղազարյանը կարևորել է Ադրբեջանի ցեղասպան գործողություններին միջազգային հանրության կողմից հստակ քաղաքական ու իրավական գնահատական տալը և համապատասխան գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ անհատական պատժամիջոցների ձևով, ինչը հնարավորություն կտա կանխելու Արցախում վերահաս ողբերգական զարգացումները:
Կողմերը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Օգոստոսի 30-ին Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ։ Ավելի ուշ Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն արգելել է հումանիտար բեռների մուտքն Արցախ։