Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ աշխարհի 16 երկրներում «SOS Artsakh» խորագրով ակցիաներ են իրականացվելու, տեղեկանում ենք ՀՅԴ-ի պաշտոնական կայքից։
«Ի զորակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում այս օրերին տեղի են ունենալու «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ և բողոքի գործողություններ»,-հայտնում են ՀՅԴ-ից։
Ընդդիմությունը «SOSArtsakh» կարգախոսով սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակ հանրահավաքի է հրավիրել։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 18։00-ին։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։