ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առիթով:
Նա նշել է, որ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները:
«Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,- նշել է նա։
Վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։
«Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ՀՀ ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
Վարչապետը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով այսօր էլ իրենց հայրենի բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներն Ադրբեջանի քաղաքականության հետևանքով կանգնած են էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով: