Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը BBC-ի եթերում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Արցախի շրջափակման հարցում մեղսակից է Ադրբեջանին։ Նա Լոնդոնին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Բաքվի վրա՝ տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելու համար:
«Այժմ շատ երկրներ շրջափակման մասնակից են։ Մեծ Բրիտանիան, օրինակ, Ադրբեջանի խոշորագույն ներդրողն է։ British Petroleum-y ու նրա նավթատարներn Ադրբեջանին հսկայական առավելություն են տվել դեպի Եվրոպա մատակարարումների համար»,-ասել է Թանկյանը ՝ նշելով, որ Լոնդոնը չի քննադատել Ադրբեջանին՝ երկրում անգլիական բիզնեսի ներկայության պատճառով։
«Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանում, որպեսզի օգնի այդ ժողովրդին՝ նախքան զանգվածային սովն ու ցեղասպանությունը»,-ասել է երաժիշտը:
Նա նաև խոսել է Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության անտարբերության պատճառների մասին:
«Դա մեծապես կապված է «խավիարային դիվանագիտության» ծավալի հետ, որն Ադրբեջանն իրականացնում է ամբողջ Եվրոպայում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում»,-ասել է նա՝ շեշտելով նաև աշխարհաքաղաքականության ու Ադրբեջանից Եվրոպա նավթի մատակարարումների մասին։
Նրա խոսքով՝ ադրբեջանական խողովակաշարերով դեպի Եվրոպա մեծ քանակությամբ ռուսական նավթ է վերաարտահանվել։
Երաժիշտը հիշեցրել է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2 որոշում է կայացրել, որոնցով Բաքվին կոչ են արել բացել Լաչինի միջանցքը, և իրավապաշտպան կազմակերպությունները, աշխարհի շատ երկրներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները: «Հարցն այն է, մենք պատրաստվո՞ւմ ենք արդյոք գործել, թե թույլ կտանք տեղի ունենա ևս մեկ Հայոց ցեղասպանություն, այս անգամ՝ 21-րդ դարում»,-ընդգծել է Թանկյանը:
Օգոստոսի 13-ին Թանկյանը հայտարարել էր, որ Արցախն իրավական առումով երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Նա այլ ռոք երաժիշտների հետ բաց նամակով կոչ է արել աշխարհին վճռականորեն միջամտել Արցախում խորացող հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև մեղադրել անգործության և պարապ խոսակցության շրջափակման վերացմանն աջակցող կազմակերպություններին։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։