Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերի կոչը՝ Հայաստանին միանալու դաշինքին։ Նա նշել է, Ֆելինգերը անմիջականորեն կապված չէ ՆԱՏՕ-ի հետ
«Ֆեհլինգերը հասարակական կազմակերպության ղեկավար է, որի անվան մեջ տեղ է գտել ՆԱՏՕ բառը», – լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախախարը։
Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությանը, առաջին տարին չէ, որ սկսվել է։
«Մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և ունենք պատրաստակամություն շարունակել այդ համագործակցությունը»,- ասել է նա։
Վահան Կոստանյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «տպավորություն է, որ Ռուսաստանն է ցանկանում դուրս գալ տարածաշրջանից»։ Նա նշել է որ Երևանը Մոսկվայի հետ խնդիրների մասին բարձրաձարնել է 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո։
«Ես չեմ կարող ասել այդ հայտարարությունները փոխկապակցված են, թե ոչ։ Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին և այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե՛ Ռուսաստանից, թե՛ ՀԱՊԿ-ից», – հայտարարել է փոխարտգործնախարարը:
Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 3-ին իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցում հայտարարել էր անվտանգության ոլորտում քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի փորձերի մասին։ Փաշինյանը անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր անվանել։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ «մեր տարածաշրջանում տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից»:
Նույն հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ԼՂ-ում չեն կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը:
Մոսկվայում Փաշինյանի հայտարարությունների տոնայնությունն անընդունելի էին անվանել։