Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը մեղադրվում է զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու մեջ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Զորակոչիկ Ս.Մ.-ի հայրը՝ Հ.Մ.-ն ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի մտերիմ Ռ.Ա.-ին խնդրել է կազմակերպել որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը: Նրանք պայմանավորվել են գործընթացն իրականացնել 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց (Ա.Թ.-ն խոստացել է 2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն օժանդակող Ռ.Ա.-ին):
Մեկ այլ դրվագով՝ Ա.Թ.-ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.-ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ վերջիններիս 2023 թվականի հերթական վարժական հավաքից ազատելու համար:
Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (դատապարտվում է առավելագույնը մինչև 10 տարի):