Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին տեղեկությունը: Այդ մասին նա գրել է իր Facebook-ի էջում:
«Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ: Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով»,- գրել է նա։
Բեգլարյանը նաև հերքել է արտաքին և ներքին ուժերի կողմից իր թեկնածության լոբբինգի մասին լուրերը և հայտարարել, որ կաջակցի նոր նախագահին, որին կընտրի ԱԺ-ն։
Բեգլարյանն Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի նոյեմբերի 5-ին։ 2021 թվականի հունիսի 1-ից նա զբաղեցրել է Հանրապետության պետնախարարի պաշտոնը։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։ Նույն օրը իր դիմումի համաձայն Արտակ Բեգլարյանն ազատվել էր Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից։
Սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին, բայց ամսաթիվը դեռևս հստակեցված չէ։